Տեղական լուրեր
Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարները
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Lion Finance Group-ի կազմակերպած «Investor Day» հարթակին։ Նախարարը մանրամասն ներկայացրել է երկրի հարկաբյուջետային քաղաքականությունը՝ շեշտելով մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու երկարաժամկետ տնտեսական աճին ուղղված բարեփոխումները:
Քննարկվել է հազվագյուտ հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ամերիկյան կողմի հետ քննարկել է կարևորագույն և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում համագործակցության ընդլայնումը։ Սա բխում է ընթացիկ տարվա մայիսին ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունից և համապատասխան շրջանակային հուշագրից։
2026թ. հունվար-մայիսին Հայաստանից արտահանումը նվազել է 3․7%-ով
Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7,864.7 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է արտահանման 3.7% անկում, մինչդեռ ներմուծման ծավալներն աճել են 2.2%-ով։
Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը բեռնաթափելու և հերթերից խուսափելու նպատակով կգործարկվի permit.am հարթակը։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն այսուհետ կներկայացվեն առցանց, իսկ ծառայություն անձամբ այցելելու անհրաժեշտություն կլինի միայն մեկ անգամ։
Մեկնարկել է 395 մլն դոլար արժողությամբ Քաջարանի թունելի շինարարությունը
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարավային հատվածի կարևորագույն փուլ հանդիսացող 7.2 կմ երկարությամբ թունելի կառուցումը պաշտոնապես սկսվել է։ Նախագծի շնորհիվ գործող երթուղին կկրճատվի 14 կմ-ով, երթևեկության ժամանակը կնվազի 40 րոպեով, իսկ տրանսպորտի միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի։
Միջազգային լուրեր
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է բենզինի և կերոսինի արտահանումը
Ներքին շուկայում դեֆիցիտը կանխելու և գների աճը զսպելու նպատակով Մոսկվան կտրուկ սահմանափակումներ է մտցրել։ Ռուսական նավթավերամշակող գործարաններին հանձնարարվել է մեծացնել թողարկման ծավալները։ Միաժամանակ քննարկվում է նաև դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հարցը։
Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի $6 մլրդ-ի ակտիվների ապասառեցման շուրջ
Էմիրությունում գտնվող Իրանի 12 միլիարդ դոլար ընդհանուր ակտիվներից 6 միլիարդն ապասառեցվելու է։ Այս քայլը հաջորդում է հունիսի 18-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրին, որը նախատեսում է փետրվարին սկսված ռազմական հակամարտության ավարտ, ԱՄՆ ծովային շրջափակման վերացում և Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնում։
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ֆրանսիայի նախագահը հանձնարարել է ուղիներ գտնել ամերիկյան տեխնոլոգիական հսկաներից և այլ արտասահմանյան բիզնեսներից համաեվրոպական հարկեր գանձելու համար։ Նպատակն է ԵՄ 2 տրլն եվրոյանոց նոր բյուջեն ֆինանսավորել առանց ազգային կառավարությունների վճարների մեծացման, ինչը Փարիզի համար կարևոր է 2027թ. ընտրություններից առաջ ներքաղաքական դիրքերը պահպանելու համար։
Bloomberg. Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 %-ով
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության էսկալացիայի և փոխադրողների մտավախությունների պատճառով առևտրային նավերը խուսափում են այս ծովային միջանցքից։ Ըստ աղբյուրի՝ անցած կիրակի նեղուցը երկու ուղղություններով հատել է ընդամենը 12 նավ, իսկ շատերը չեն համարձակվել անցնել դրանով։

