ՀՀ Կառավարությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնության բուսասանիտարական հսկողության մարմնի («Ռոսսելխոզնադզոր») կիրառած արտահանման սահմանափակումների հետևանքով կորուստներ կրած ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Միջոցառման նպատակն է ապահովել ոլորտի ընկերությունների արտադրական շրջանառու միջոցների անխափանությունը վարկային ռեսուրսների ներգրավման միջոցով։
Շահառուների շրջանակը և դիմումների վերջնաժամկետը Ծրագրից կարող են օգտվել այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (ԱՁ), որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.
Տնօրինում են 1 հեկտար և ավելի մակերեսով ջերմատնային տնտեսություն,
2026 թվականի ընթացքում փաստացի արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։
Ֆինանսական կառույցներին դիմելու վերջնաժամկետը սահմանված է 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ՝ բացառապես մեկ ֆինանսական կառույցի միջոցով։
Վարկավորման ֆինանսական պայմանները
Առավելագույն սահմանաչափ. ոչ ավելի, քան 100 մլն ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 հեկտարի հաշվարկով։
Տոկոսադրույք. տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ մինչև 14%։
Պետական սուբսիդավորում. իրականացվում է 12 տոկոսային կետով (տնտեսավարողի համար փաստացի տոկոսադրույքը կկազմի մինչև 2%)։
Մարման ժամկետ. մինչև 18 ամիս։
Արտոնյալ ժամկետ (Grace Period). պարտադիր սահմանվում է 12 ամիս՝ վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի համար (առաջին վճարումը կատարվում է վարկի տրամադրման 12-րդ ամսից հետո)։
Միջոցների նպատակային ուղղությունները (Բացառապես անկանխիկ).
Կոմունալ վճարներ (սպառված բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր)։
Ֆիսկալ պարտավորություններ (պետական կամ համայնքային բյուջեների հարկեր և պարտադիր վճարներ)։
Աշխատուժի ծախսեր (աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ)։
Արտադրական հումքի ձեռքբերում (պարարտանյութեր, սերմեր, սածիլներ)՝ բացառապես ԱԱՀ վճարող կազմակերպություններից։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
ՀՀ ՊԵԿ տեղեկանք՝ 2026 թ. իրացված գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վերաբերյալ,
Ջերմատնային տնտեսության անշարժ գույքի սեփականության/իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը,
Գրավոր համաձայնություն՝ շահառուի տվյալները ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կամ այլ պետական մարմիններին փոխանցելու վերաբերյալ։

