Իսրայելի կառավարությունը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը։ Այս մասին X-ի իր էջում կատարած գրառմամբ պաշտոնապես հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ նշելով, որ համապատասխան որոշման նախագիծը ներկայացնելու է կառավարության առաջիկա նիստին։
ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ այս քայլն առաջին հերթին բխում է բարոյական և պատմական անհրաժեշտությունից։ «Դա բարոյական և պատմական պարտավորություն է՝ ճանաչելու Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը։ Միաժամանակ պետք է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»,- ընդգծել է Սաարը։
Նախարարի կողմից նախանշված ընթացակարգի համաձայն՝ կառավարության հավանությանն արժանանալուց հետո բանաձևը կփոխանցվի խորհրդարան և կդրվի Քնեսեթի քվեարկությանը։
Տասնամյակների դիվանագիտական կուրսի վերանայում Այս նախաձեռնությունը կարող է դառնալ շրջադարձային Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ։ Տասնամյակներ շարունակ Իսրայելի գործադիր իշխանությունը խուսափում էր «ցեղասպանություն» եզրույթի պաշտոնական կիրառումից և արգելափակում էր Քնեսեթում համանման օրինագծերի ընդունումը՝ ելնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական ու գործընկերային հարաբերությունների պահպանման առաջնահերթությունից։
Փորձագետների նախնական գնահատականներով՝ Գիդեոն Սաարի այս հայտարարությունն արտացոլում է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում վերջին շրջանում ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև Անկարայի հետ հարաբերությունների խորը ճգնաժամը։ Եթե բանաձևն անցնի կառավարական և խորհրդարանական փուլերը, Իսրայելը պաշտոնապես կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած ավելի քան երեք տասնյակ պետությունների շարքը։

