ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է անցկացնել հայ-թուրքական բիզնես ֆորում։
Ինչու է դա կարևոր. Հայ-թուրքական երկխոսությունը մտել է գործնական-տեխնիկական փուլ: Ըստ նախարարի՝ կողմերը գրեթե ամենօրյա աշխատանքային շփումների մեջ են, իսկ հարաբերությունների կարգավորման ու սահմանի բացման գործընթացը բավականաչափ հասունացել է։
Առանցքային ձեռքբերումներն ու պարզաբանումները.
Գործարար կապեր և սահմանի մասնակի բացում. Սահմանը մասնակիորեն բացվել էր Թուրքիայում կայացած համաժողովին մասնակցող հայ գործարարների համար, իսկ հաջողված փորձից ելնելով՝ որոշվել է հաջորդ բիզնես ֆորումն անցկացնել Հայաստանում։
Գործնական քայլեր. Հիշատակվել են Թուրքիայում Հայաստանի հետ ուղիղ առևտրի արգելքի վերացումը, Անիի կամրջի համատեղ վերականգնումը, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման աշխատանքները (Ախուրիկում իրականացվող նախապատրաստությունները):
Վերջնական նպատակը. Դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։
Նոր բանակցողի հարցը. Միրզոյանը նշել է, որ նոր բանակցող նշանակելու անհրաժեշտություն կարող է չլինել, քանի որ սահմանը կարող է բացվել ավելի շուտ։


