ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում ներկայացրել է զբաղվածության ապահովման նոր աջակցության ծրագիրը, որը մեկտեղում է անապահով ընտանիքների, անաշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Արցախից բռնի տեղահանվածների համար գործող բոլոր առանձին նախագծերը։ Նախարարի խոսքով՝ միավորման նպատակն է բարձրացնել ծրագրի հասցեականությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև պարզեցնել դիմելու ընթացակարգերը շահառուների համար։
Ինչու է դա կարևոր. Նոր համակարգը գործելու է ամբողջությամբ թվային հարթակում և առաջարկելու է աջակցության 3 հիմնական փուլ՝ սկսած մասնագիտական վերապատրաստումից (էլեկտրոնային վաուչերներով) մինչև գործատուների հարկային փոխհատուցում և աշխատողներին տրվող ուղղակի ֆինանսական խրախուսումներ։
Զբաղվածության ծրագրի 3 հիմնական փուլերը.
1-ին փուլ — Ուսուցում (Կրթական վաուչեր).
Շահառուին տրամադրվում է մինչև 250,000 դրամ արժողությամբ էլեկտրոնային մեկանգամյա վաուչեր:
Օգտագործման ժամկետը՝ 6 ամիս՝ ԿԳՄՍՆ հաստատած ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրերում (ավարտին տրվում է վկայական):
2-րդ փուլ — Աջակցություն գործատուին (Եկամտահարկի փոխհատուցում).
Առնվազն 3 ամսվա աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատուին է փոխանցվում աշխատավարձից հաշվարկված եկամտահարկը:
1-ին – 3-րդ ամիսներ. Եկամտահարկի 50%-ը (առավելագույնը 25,000 դրամ/ամիս):
4-րդ – 6-րդ ամիսներ. Եկամտահարկի 100%-ը (առավելագույնը 50,000 դրամ/ամիս):
3-րդ փուլ — Ֆինանսական խրախուսում աշխատողին.
Աշխատանքային հարաբերությունները 3 ամսից ավել պահպանելու դեպքում՝ 100,000 դրամ միանվագ աջակցություն:
12 ամիս շարունակվելու դեպքում՝ ևս 200,000 դրամ:


