ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում հաստատվել է զբաղվածության ապահովման նոր միասնական ծրագիր, որը մեկտեղում է զորացրված գործազուրկների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, ինչպես նաև անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց աջակցության ծրագրերը։ Նախաձեռնության մեկնարկը կտրվի հունվարի 1-ից, և այն կընդգրկի շուրջ 1,500 շահառուի։
Ինչու է դա կարևոր. Ծրագրի նպատակն է էլեկտրոնային կրթական վաուչերների և ֆինանսական խրախուսման միջոցով թիրախային խմբերի համար ընդլայնել աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորությունները։ Շահառուներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ արժողությամբ ուսուցման վաուչեր (6 ամիս վավերականությամբ), իսկ ուսուցումն ավարտելուց և աշխատանքի տեղավորվելուց հետո ֆինանսական աջակցություն կստանան ինչպես աշխատողները, այնպես էլ գործատուները։
Ծրագրի պայմանները, վաուչերները և ֆինանսական աջակցությունը.
Թիրախային խմբերը. Զորացրված գործազուրկներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ, անապահով ընտանիքների աշխատունակ անձինք:
Կրթական վաուչերներ. Մինչև 250,000 դրամ արժողությամբ (մեկանգամյա օգտագործման՝ 6 ամսվա ընթացքում)՝ «ոչ ֆորմալ կրթության երաշխավորված մոդուլային ծրագրեր» մատուցող կազմակերպություններում ուսանելու և հավաստագիր ստանալու համար:
Աջակցություն գործատուներին (առնվազն 3 ամսվա պայմանագրի դեպքում).
1-ին – 3-րդ ամիսներ. Եկամտային հարկի փոխհատուցում 50%-ի չափով (մինչև 25,000 դրամ/ամիս):
4-րդ – 6-րդ ամիսներ. Եկամտային հարկի փոխհատուցում 100%-ի չափով (մինչև 50,000 դրամ/ամիս):
Վճարումներ շահառուներին (աշխատողներին).
100,000 դրամ միանվագ աջակցություն՝ 3 ամիս աշխատելու դեպքում:
Եվս 200,000 դրամ՝ 12 ամիս աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում:


