ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանը Կանադայում իր դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի։ Այս պաշտոնը կհամատեղվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոնի հետ:
Ինչու է դա կարևոր. Կանադայի հետ պաշտպանական համագործակցության խորհրդացումն ու ռազմական կցորդի նշանակումը նոր փուլ են բացում երկկողմ հարաբերություններում։ Հայաստանը Կանադայի հետ գործակցությունը դիտարկում է նաև որպես ՆԱՏՕ-ի հետ կամուրջ ստեղծելու կարևոր գործոն։
Համագործակցության առանցքային ուղղություններն ու ծրագրերը.
Ընթացիկ փուլ. Հրահանգիչների պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցություն, կին զինծառայողների իրավունքների պաշտպանություն, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև ներքին աուդիտի ու հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրում։
Հեռանկարային ծրագրեր. Անվտանգության և պաշտպանության ոլորտում պարբերական ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմական կրթություն, ենթասպաների պատրաստում, ռազմական բժշկություն և մարտական պատրաստություն։
Ռազմավարական նշանակությունը. Կանադայի հետ երկկողմ կապերի խորացումը կարևորվում է որպես Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության հուսալի հիմք։


