Կառավարությունը հաստատել է անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է կենսաչափական նոր համակարգի ներդրում և նույնականացման քարտի պարտադիր կիրառություն։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացմամբ՝ փոփոխությունների նպատակն է մեկ միասնական իրավական դաշտում կարգավորել անձը հաստատող փաստաթղթերի համակարգը՝ համապատասխանեցնելով այն նոր տեխնոլոգիական լուծումներին։
Փաթեթով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ Նշվում է, որ կենսաչափական անձնագիր հնարավոր կլինի ստանալ միայն նույնականացման քարտի առկայության դեպքում։
Տարիքային խմբերի համար սահմանվում են տարբեր կարգավորումներ․
- մինչև 6 տարեկանների համար անձը հաստատող փաստաթուղթը կմնա ծննդյան վկայականը,
- 6-ից 16 տարեկանների համար նույնականացման քարտը կլինի կամավոր,
- 16-ից բարձր քաղաքացիների համար՝ պարտադիր։
Նախագիծը փոխում է նաև փաստաթղթերի կիրառման տրամաբանությունը․ ներպետական գործընթացներում հիմնական փաստաթուղթը կլինի նույնականացման քարտը, իսկ անձնագիրը կդիտարկվի որպես ճամփորդական փաստաթուղթ։
Նախատեսվում է կենսաչափական փաստաթղթերի ներդրում նաև օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։
Բարեփոխումները ներառում են նաև պետություն-մասնավոր գործընկերության մոդել, որտեղ մասնավոր հատվածը չի իրականացնի վարչարարական գործառույթներ, իսկ իրավական որոշումները կմնան պետական կառույցների տիրույթում։
Ըստ նախարարի՝ համակարգի ներդրումը կբարձրացնի ծառայությունների թվայնացման մակարդակը և կնպաստի վարչարարական գործընթացների պարզեցմանը։
Նշվում է, որ նախաձեռնությունը կապ ունի նաև Հայաստան–Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացի հետ։ Կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի աշուն՝ համապատասխանեցնելով այն միջազգային ստանդարտներին։

