Վերջին մեկ տարում Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ ընթանում են երկու զուգահեռ բանակցություններ։ Մի կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորած քաղաքական քննարկումներ Ռուսաստանի հետ, որոնք շարունակում են փակուղում մնալ տարածքների և անվտանգության երաշխիքների հարցում։ Մյուս կողմից՝ ավելի լուռ, բայց ոչ պակաս կարևոր բանակցություններ՝ բիզնեսի շուրջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հղում անելով հետախուզական տվյալներին, պնդում է, որ Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է մինչև 12 տրիլիոն դոլարի գործարքներ՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Եվրոպայում մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը կարող է մինչև հունիս Ուկրաինային պարտադրել ծանր զիջումներ՝ խաղաղության իր վերջնաժամկետը պահելու և ռուսական «ոսկուն» հասնելու համար։
Խոշոր ֆինանսական խոստումները վաղուց են Վլադիմիր Պուտինի քաղաքական գործիքակազմի մաս կազմում։ Ըստ The Economist-ի, դեռևս անցած ամռանը պատրաստվել էր հատուկ փաստաթուղթ՝ ինչպես «մեծ գործարքը» ներկայացնել Թրամփին։ Այդ ժամանակից ի վեր ռուսական պետական հիմնադրամի ղեկավարը բազմիցս հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացին, իսկ նախագահի ընտանիքին մոտ կանգնած անձինք քննարկել են ռուսական էներգետիկ ակտիվներում ներդրումների հարցեր։
Սեղանին են եղել Արկտիկայի նավթագազային նախագծեր, հազվագյուտ մետաղների հանքեր, միջուկային տվյալների կենտրոն և նույնիսկ Բերինգի նեղուցի տակ թունել։ Ռուսաստան-ԱՄՆ այս մերձեցումը երկուստեք շահավետ է թվում․ Մոսկվային ճնշում են ցածր նավթի գներն ու պատժամիջոցները, իսկ Վաշինգտոնը արդյունքների կարիք ունի՝ առաջիկա միջանկյալ ընտրություններից առաջ։

