ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ 100,000 դոլարի վճար է սահմանվում որակավորված օտարերկրյա աշխատողների համար նախատեսված H-1B վիզայի ծրագրի դիմորդների համար, հաղորդում է BBC News-ը։
Ուրբաթ օրը Թրամփին Օվալաձև աշխատասենյակում միացել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը։
«H-1B վիզան արժե տարեկան հարյուր հազար դոլար և բոլոր խոշոր ընկերությունները համաձայն են,- ասել է նա։- Մենք խոսել ենք նրանց հետ։ Եթե դուք պատրաստվում եք որևէ մեկին վերապատրաստել, ապա նա պետք է լինի մեր երկրի լավագույն համալսարաններից մեկի շրջանավարտներից։ Վերապատրաստեք ամերիկացիներին։ Դադարեցրեք ներգրավել այն մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղեցնել մեր աշխատանքը»։
2004 թվականից ի վեր H-1B վիզայի դիմումների քանակը սահմանափակվել է՝ տարեկան 85 000-ով։ Մինչ օրս H-1B վիզայի համար գանձվում էին տարբեր վարչական վճարներ՝ ընդհանուր առմամբ մոտ 1500 դոլար։
ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայության (USCIS) տվյալները ցույց են տվել, որ հաջորդ ֆինանսական տարվա համար H-1B վիզաների դիմումների թիվը կրճատվել է՝ հասնելով 359 000-ի, ինչը չորս տարվա նվազագույն ցուցանիշն է։
Կառավարության վիճակագրության համաձայն՝ նախորդ ֆինանսական տարում ծրագրի ամենամեծ շահառուն Amazon-ն էր, որին հաջորդում էին տեխնոլոգիական հսկաներ Tata-ն, Microsoft-ը, Meta-ն, Apple-ը և Google-ը։

