ԱՄՆ իշխանությունները կասեցրել են աշխատանքային վիզաների տրամադրումն օտարերկրացիներին, որոնք մտադիր են երկրում աշխատել որպես հեռահար վարորդներ և առևտրային բեռնատարների վարորդներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք անհապաղ կասեցնում ենք աշխատանքային վիզաների տրամադրումը առևտրային բեռնատարների վարորդներին։ Օտարերկրյա վարորդների աճող թիվը, որոնք ԱՄՆ ճանապարհներին վարում են կցասայլերով մեծ բեռնատարներ, վտանգի տակ է դնում ամերիկացիների կյանքը», - գրել է Ռուբիոն X-ում։
Նա նաև ընդգծել է, որ, իր կարծիքով, օտարերկրյա վարորդների մեծ թիվը «ամերիկացի հեռահար վարորդներին զրկում է ապրուստի միջոցներից»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հանդես է եկել ներգաղթային քաղաքականության խստացման օգտին։ Երդմնակալությունից անմիջապես հետո նա հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։
Նախագահը հայտարարել է, որ մտադիր է ապահովել ամերիկյան պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենախոշոր գործողության անցկացումը։

