ՀՀ պետական բյուջեն 2025 թ. առաջին կիսամյակում կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով, մինչդեռ բյուջեով նախատեսված էր 325.3 մլրդ դրամի պակասուրդ։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներում։
Բյուջեի պակասուրդի՝ ծրագրից շեղման հիմնական պատճառներն են՝
եկամուտների գերակատարումը,
ծախսերի համեմատաբար ցածր կատարողականը։
Այս գործոնները բերել են նաև բյուջեի ազատ միջոցների ավելացման՝ ներքին ֆինանսավորման աղբյուրներում։ Միևնույն ժամանակ, արտաքին աղբյուրներից ստացվող վարկերը կազմել են 14.4 մլրդ դրամ՝ ծրագրի 37.1 %-ը։
Բյուջեի եկամուտներն ու ծախսերը
2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ՝ ապահովելով 102.2 % կատարողական։ Եկամուտներն աճել են 15.2 %-ով (189.4 մլրդ դրամով) 2024 թ. առաջին կիսամյակի համեմատ։ Աճը հիմնականում պայմանավորված է հարկային և այլ եկամուտների ավելացմամբ։
Պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,472.3 մլրդ դրամ՝ ապահովելով 85.2 % կատարողական։ Ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 19.4 %-ով կամ 239.6 մլրդ դրամով՝ պայմանավորված կապիտալ ներդրումների, սոցիալական նպաստների և կենսաթոշակների ավելացմամբ։
Պարտքի սպասարկում և կապիտալ ծախսեր
Պետական պարտքի սպասարկման ծախսերը կազմել են 15.9 մլրդ դրամով ավելի՝ 10.4 % աճ 2024 թ. առաջին կիսամյակի համեմատ։ Կապիտալ ծախսերն աճել են 80.7 %-ով՝ կազմելով 132.1 մլրդ դրամ։
Պաշտոնական դրամաշնորհներ
2025 թ. առաջին կիսամյակում բյուջե մուտքագրվել է 3.6 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհ, ինչը կազմում է ծրագրի 69.6 %-ը։ 2024 թ. առաջին կիսամյակի համեմատ դրամաշնորհներն նվազել են 14.6 %-ով՝ պայմանավորված անցած տարի ստացած չնախատեսված աջակցությամբ։

