Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, հուլիսի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) աշխատակիցներին՝ Աննա Կոպցյուխին, Շրուտի Պրասադին և Արևիկ Ճուլհայեանին։
Հանդիպման ընթացքում մարզպետը բարձր է գնահատել գործակալության իրականացրած աշխատանքը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների աջակցության ոլորտում։ Նա ընդգծել է, որ մարզպետարանը պատրաստ է գործակցել բոլոր պատասխանատու կազմակերպությունների հետ՝ նպաստելով տեղահանվածների խնդիրների լուծմանը և ինտեգրմանը։
Մարզպետը նշել է, որ պետական աջակցության ծրագրերը շարունակվում են, այդ թվում՝ բնակապահովման ծրագիրը, իսկ մարզի աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում են տեղահանված ընտանիքներին՝ արձանագրելով և լուծումներ առաջարկելով բարձրացված խնդիրներին։
ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով Շիրակի մարզի սրտացավ և հետևողական վերաբերմունքը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ու համատեղ ջանքերը՝ ուղղված տեղահանված ընտանիքների ինտեգրման և բարեկեցության ապահովմանը։

