Բյուջեի վերաբաշխման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող և հրատապ համարվող 13 ծրագրերի իրականացման հետ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 639,3 մլն դրամ։
Այդ մասին սեպտեմբերի 18-ի նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով մարզերում առաջնահերթ և անհետաձգելի ծրագրերին գումար հատկացնելու որոշման նախագիծը։
Նշված գումարը կհատկացվի յոթ մարզի։ Արագածոտնում կիրականացվի մեկ ծրագիր, Արմավիրում՝ երկու, Գեղարքունիքում՝ երեք, Լոռիում՝ մեկ, Շիրակում՝ մեկ, Վայոց ձորում՝ երեք և Տավուշում՝ երկու։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում թվարկեց հրատապության կարգով ֆինանսավորվող ծրագրերը, որոնց թվում են տանիքների վերանորոգում, կոյուղագծերի փոխարինում, կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի և ապակենտրոնացված կայանի կառուցում, ինչպես նաև Լոռու մարզում աղետից վնասված մեկ մեքենայի փոխհատուցում։

