22 տարեկանը չլրացած ուկրաինացի տղամարդկանց թույլատրվել է մեկնել արտասահման: Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի թելեգրամյան ալիքին:
Ըստ նրա՝ կառավարությունը թարմացրել է պետական սահմանը հատելու կարգը:
«18-22 տարեկան տղամարդիկ ռազմական դրության ժամանակ կկարողանան ազատորեն հատել սահմանը: Դա վերաբերում է համապատասխան տարիքի բոլոր քաղաքացիներին»,- հավելել է Ուկրաինայի վարչապետը:
Կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ այս որոշումը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են արտասահմանում:
«Ցանկանում ենք, որ ուկրաինացիները հնարավորինս շատ կապեր պահպանեն Ուկրաինայի հետ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն որոշման պաշտոնական հրապարակումից մեկ օր անց»,- հավելել է նա:
Իր հերթին, Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ այդ քայլի նպատակն է, նախևառաջ, երիտասարդ ուկրաինացիներին ավելի լայն հնարավորություններ ընձեռել կրթության, պրակտիկայի և արտասահմանում օրինական աշխատանքի անցնելու համար, որպեսզի նրանք հետագայում կարողանան ձեռք բերված փորձն օգտագործել ի բարօրություն Ուկրաինայի։

