«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը, Կոկա-Կոլա Հիմնադրամը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը և Աբովյանի համայնքապետարանը համատեղ իրականացնում են Մայակովսկի բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցման ծրագիր։ Նախաձեռնության նպատակն է ապահովել ոռոգման ջրի ավելի հուսալի հասանելիություն, նվազեցնել խմելու ջրի օգտագործումը ոռոգման նպատակով և նպաստել բնակավայրի գյուղատնտեսական ներուժի զարգացմանը։
Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը գնալով ավելի կարևոր է դառնում՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով, գյուղատնտեսության մեջ ջրի պահանջարկով և համայնքային ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությամբ։ Այս համատեքստում Մայակովսկի բնակավայրի ծրագիրը երկարաժամկետ նշանակություն ունեցող նախաձեռնություն է, որը միավորում է համայնքը, տեղական ինքնակառավարման մարմինը, հասարակական կազմակերպությունը և մասնավոր հատվածը։
Մայակովսկի բնակավայրի բնակիչների զգալի մասը տարիներ շարունակ չի ունեցել ոռոգման ջրի բավարար և կայուն հասանելիություն։ Կոտայքի ոռոգման ջրանցքը բնակավայրին միացնող խողովակաշարը, ինչպես նաև ներքին բաշխման ցանցը վնասված են եղել, ինչի հետևանքով հողատարածքների մի մասը չի մշակվել կամ մշակվել է սահմանափակ արդյունավետությամբ։ Որոշ դեպքերում ոռոգման նպատակով օգտագործվել է խմելու ջուր՝ լրացուցիչ ճնշում ստեղծելով ջրային ռեսուրսների վրա։
Ծրագրի արդյունքում ոռոգվող հողատարածքները կավելանան շուրջ 28 հեկտարով, իսկ մոտ 220 տնային տնտեսություն կունենա ոռոգման ջրի հուսալի հասանելիություն։ Նախատեսվում է տարեկան խնայել շուրջ 105,500 խմ խմելու ջուր, որը նախկինում օգտագործվում էր ոռոգման նպատակով, ինչպես նաև նվազեցնել ջրակորուստները մոտ 55 տոկոսով։
Ծրագրի շրջանակում կարևորվել է նաև կրթական և իրազեկման բաղադրիչը․ անցկացվել են դասընթացներ համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ։ Դասընթացները վարել են տեխնիկական գիտությունների և հիդրոլոգիայի ոլորտի մասնագետները՝ անդրադառնալով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը, ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանը, ջրի որակի բարելավմանը, բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործմանը և ոլորտային այլ կարևոր հարցերի։
«Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կայունության մոտեցման առանցքային ուղղություններից է։ Մեզ համար կարևոր է ոչ միայն նվազեցնել մեր սեփական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, այլև աջակցել այն համայնքներին, որտեղ ջրի ճիշտ օգտագործումը կարող է իրական և երկարաժամկետ փոփոխություն բերել։ Այս ծրագիրը միաժամանակ նպաստում է խմելու ջրի խնայողությանը և բարելավում շուրջ 220 ընտանիքի առօրյա կենսապայմանները՝ նրանց հնարավորություն տալով ավելի արդյունավետ օգտագործել սեփական հողը», — նշել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական կապերի և կայունության ղեկավար Էլինա Մարգարյանը։
Աբովյանի համայնքապետարանի համար ծրագիրը համայնքի գյուղական բնակավայրերի համաչափ զարգացման և ենթակառուցվածքների բարելավման կարևոր քայլ է։ «Շեն» բարեգործական ՀԿ-ի ներգրավվածությունն էլ հիմնված է գյուղական համայնքներում ջրամատակարարման, ոռոգման և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման երկարամյա փորձի վրա։
Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2025-2027 թվականների ընթացքում, որի ավարտին կներկայացվեն հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։
*գովազդ

