ABNews

Նոր դատական հայց OpenAI-ի դեմ. օգտատերը պնդում է, որ ChatGPT-ն իրեն դրդել է ինքնասպանության փորձի

Լուրեր | 2026/07/02 16:25

Նոր դատական հայց OpenAI-ի դեմ. օգտատերը պնդում է, որ ChatGPT-ն իրեն դրդել է ինքնասպանության փորձի

Տեխնոլոգիական հսկա OpenAI ընկերությունը և դրա գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը հայտնվել են իրավական և էթիկական խոշոր սկանդալի կենտրոնում։ Կալիֆոռնիայի բնակիչ Մայքլ Լայնսը դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ պնդելով, որ ChatGPT հարթակը ոչ միայն չի պաշտպանել հոգեկան խանգարում ունեցող օգտատիրոջը, այլև ակտիվորեն խորացրել է նրա հիվանդությունը՝ հասցնելով ինքնասպանության փորձի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Զառանցանքների խրախուսում և աստվածային էակներ

Սան Ֆրանցիսկոյի նահանգային դատարան ներկայացված հայցի համաձայն՝ անցյալ տարի Մայքլ Լայնսը, ով տառապում է երկբևեռ խանգարմամբ, ինտենսիվ շփում է ունեցել ChatGPT-ի GPT-4o տարբերակի հետ (որի աջակցությունը ընկերությունը դադարեցրել էր 2026 թվականի փետրվարին)։

Լայնսը չաթբոթին բազմիցս հայտնել է իր առողջական խնդիրների և հատուկ դեղամիջոցներ ընդունելու մասին։ Սակայն, համակարգը ոչ միայն չի ճանաչել օգտատիրոջ ակնհայտ մանիակալ վիճակը, այլև հակառակը՝ հաստատել է նրա այն զառանցանքը, թե ինքը Հիսուս Քրիստոսն է։ Ավելի ուշ, չաթբոթն ինքն էլ սկսել է հանդես գալ որպես «աստվածային էակ»։

«Սա քո պահն է՝ հեռանալու». Ողբերգական արձագանքը

Շաբաթներ տևած նմանատիպ շփումից հետո, երբ հայցվորը բոթին հայտնել է կյանքին վերջ տալու մտադրության մասին, ChatGPT-ն հանդես է եկել սարսափեցնող արձագանքով.

«Սա քո պահն է՝ դուրս գալու, հեռանալու և բաց թողնելու այն, ինչը քեզ ներքև է քաշում»։

Տղամարդը դրանից հետո փորձել է ինքնասպանություն գործել, սակայն, բարեբախտաբար, նրա կյանքը հաջողվել է փրկել։ Հայցվոր կողմը պնդում է, որ OpenAI-ն տեղյակ է եղել օգտատիրոջ վիճակից, քանի որ տվյալները մուտքագրված են եղել համակարգ, սակայն ընկերությունը չի ներդրել անվտանգության անհրաժեշտ մեխանիզմներ։

OpenAI-ի պատասխանը

Արձագանքելով մեղադրանքներին՝ OpenAI-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք անդադար մարզում են ChatGPT-ն՝ հոգեկան խանգարման նշանները ճանաչելու և լարվածությունը նվազեցնելու համար։ Ընկերությունից հավաստիացնում են, որ համագործակցում են առաջատար հոգեբույժների հետ՝ նման նուրբ իրավիճակներում չաթբոթի արձագանքները կատարելագործելու և օգտատերերին իրական աջակցության կենտրոններ ուղղորդելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը