Ավելի քան 10 հազար եվրոպական հյուրանոցներ միացել են Booking.com կայքի դեմ կոլեկտիվ հայցին՝ նրա երկար տարիների գնային քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը։
Հայցը կապված է 2024 թվականի Եվրոպական դատարանի որոշման հետ, երբ այն «պարիտետի դրույթների» գործելակերպը ճանաչել է որպես մրցակցության համար պոտենցիալ վնասակար և Booking.com-ի բիզնես մոդելի համար ավելորդ։ Դրույթը ներառվել է հյուրանոցների և ամրագրման կայքի միջև կնքվող պայմանագրում և արգելել է հյուրանոցներին իրենց կայքերում կամ մրցակից հարթակներում առաջարկել ավելի ցածր գներ, քան Booking.com-ում։
«Եվրոպական հյուրանոցների սեփականատերերը երկար ժամանակ կորուստներ են կրել անարդար պայմանների [Booking.com-ի հետ համագործակցության] և բարձր ծախսերի պատճառով։ Հյուրանոցատերերը չեն կարող համակերպվել թվային հարթակներում առկա անարդար գործելակերպի հետ», - գործակալությունը մեջբերում է եվրոպական հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների Hotrec միավորման ղեկավար Ալեքսանդրոս Վասիլիկոսին։
Booking.com-ը հրաժարվել է «պարիտետի դրույթ» կիրառելուց 2024 թվականին։ Հայցվորները պահանջում են հատուցել 2004-2024 թվականների գնային քաղաքականության հետևանքով կրած կորուստները։ Ակնկալվում է, որ հայցը կքննվի Նիդեռլանդների դատարանում, որտեղ գտնվում է ծառայության գլխավոր գրասենյակը։ Հայցադիմումի ներկայացման ամսաթիվը չի նշվում, դրա նախաձեռնողները երկարաձգել են Booking.com-ի դեմ դատավարությանը միանալու հնարավորությունը մինչև օգոստոսի 29-ը՝ ինչպես պնդում են, հյուրանոցների սեփականատերերի կողմից մեծ հետաքրքրության պատճառով։
Փոխհատուցման ճշգրիտ չափերը չեն նշվում։ Իրավական արշավի կազմակերպիչների կայքում նշվում է, որ նախնական հաշվարկներով հյուրանոցները կարող են Booking.com-ին 2004 թվականից ի վեր վճարված միջնորդավճարի 30%-ի վերադարձ պահանջել։

