ABNews

Հունիսի 26-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/06/26 19:19

Հունիսի 26-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

ՊԵԿ-ը պարզեցնում և հստակեցնում է մաքսային ստուգումների ընթացակարգերը

Մաքսային համակարգում ներդրվել են նոր կարգավորումներ՝ ուղղված վարչարարության թափանցիկությանն ու կանխատեսելիությանը։ Սահմանվել են ստուգումների հստակ ժամկետներ, ներդրվել է փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման մեխանիզմ, ինչպես նաև վերանայվել են իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության նորմերը։

Ճանապարհային տուգանքները roadpolice.am-ով վճարելիս կգործեն զեղչեր

Roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցումը միացնելու դեպքում քաղաքացիները կստանան տուգանքի գումարի 20% զեղչ։ Բացի այդ, եթե վճարումն իրականացվի ծանուցումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, կգործի ևս 30% լրացուցիչ նվազեցում։

Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հռչակագիր

Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը նպատակ ունի խթանել ԱԲ ոլորտի զարգացումը։ Այն հիմնված է երեք առանցքային ուղղությունների վրա՝ նորարարությանը նպաստող կարգավորումներ, մատակարարման շղթաներում լայն համագործակցություն, ինչպես նաև մասնավոր հատվածի ու վենչուրային կապիտալի ներգրավում։

Ադրբեջանից Հայաստան է ներկրվել բենզինի և դիզվառելիքի հերթական խմբաքանակը

Հայաստան է արտահանվել 971 տոննա (18 վագոն) ավտոմոբիլային բենզին և 467 տոննա (8 վագոն) դիզելային վառելիք։ Բացի այդ, հունիսի 26-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ։

Հայաստանից ձկնամթերքի արտահանումը դեպի ՌԴ ամբողջությամբ դադարեցվել է

«Ռոսսելխոզնադզոր»-ը կասեցրել է ևս երկու հայկական ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը, ինչի հետևանքով հայկական ձկնամթերքի մատակարարումները դեպի Ռուսաստան փաստացի լիովին կանգնել են։ Արտահանման վերականգնումը հնարավոր կլինի միայն արձանագրված խախտումների վերացումից հետո։

Միջազգային լուրեր

Apple-ը բարձրացրել է MacBook-ի և iPad-ի գները՝ չիպերի դեֆիցիտի պատճառով

ԱԲ տվյալների կենտրոնների ակտիվ կառուցմամբ պայմանավորված՝ շուկայում կտրուկ աճել է հիշողության չիպերի պահանջարկն ու արժեքը։ Սրա ֆոնին Apple-ը բարձրացրել է իր նոթբուքերի և պլանշետների գները, սակայն iPhone սմարթֆոնների գներն առայժմ կմնան անփոփոխ։

Հորմուզի նեղուցով անցնող նավերի ապահովագրությունը կրկնակի էժանացել է

Financial Times-ի փոխանցմամբ՝ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում նեղուցով անցնող նավերի ապահովագրավճարները նվազել են մոտավորապես նավի արժեքի 5%-ից մինչև 2%։ Խոշոր տանկերների պարագայում սա թույլ է տալիս խնայել հարյուր հազարավոր դոլարներ։

2027 թվականին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը կհասնի ռեկորդային 2.04 տրլն գրիվնայի

Ուկրաինայի պետական ծախսերը 2027-ին նախատեսվում է հասցնել ռեկորդային 5.04 տրլն գրիվնայի։ Բյուջետային հսկայական ճեղքվածքը փակելու նպատակով երկրի իշխանություններն ակնկալում են գալիք տարում գործընկերներից ստանալ շուրջ 47.6 միլիարդ դոլարի արտաքին օգնություն։

Ռուսաստանը նոր օրենքով կանոնակարգում է կրիպտոարժույթների շուկան

ՌԴ ֆինանսների նախարարության պարզաբանմամբ՝ նոր օրենքը չի արգելում թվային ակտիվների օգտագործումը։ Դրա հիմնական նպատակը կրիպտոշուկան ստվերից դուրս բերելն է, ինչը թույլ կտա քաղաքացիներին և բիզնեսին գործարքներն իրականացնել ավելի անվտանգ ու օրինական դաշտում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը