ABNews

Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրել են արհեստական բանականության ոլորտում ռազմավարական համագործակցության հռչակագիր

Լուրեր | 2026/06/26 11:37

Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրել են արհեստական բանականության ոլորտում ռազմավարական համագործակցության հռչակագիր

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները Վաշինգտոնում ստորագրել են Արհեստական բանականության (ԱԲ) հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Փաստաթուղթը վավերացվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ընթացող «Pax Silica» ռազմավարական նախաձեռնության դաշինքի համաժողովի շրջանակներում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի կողմից։

Դեսպան Մկրտչյանի ձևակերպմամբ՝ սա շատ կարևոր ազդակ է առ այն, որ Հայաստանն այլևս դիտարկվում է որպես վստահելի գործընկեր գլոբալ տեխնոլոգիական թատերաբեմում։ «Այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա»,- նշել է դիվանագետը։

Ռազմավարական փաստաթղթի 3 հիմնական հենասյուները

Ստորագրված համատեղ հայտարարությունը կառուցված է երեք առանցքային առաջնահերթությունների շուրջ, որոնք նախանշում են հայ-ամերիկյան տեխնոլոգիական փոխգործակցության նոր նշաձողը.

  • Նորարարությանը նպաստող կարգավորումներ. Աջակցություն այնպիսի քաղաքականությունների մշակմանը, որոնք խրախուսում են ԱԲ ոլորտում ներդրումները, ձեռներեցությունը և վստահելի էկոհամակարգերի անվտանգ փորձարկումն ու ներդրումը։

  • Լայն համագործակցություն մատակարարման շղթաներում. Գործընկերության խորացում ապագայի ԱԲ ենթակառուցվածքների շուրջ։ Օրակարգում են էներգետիկ հզորությունները, կրիտիկական հանքանյութերը, հմուտ աշխատուժի պատրաստումը և կիսահաղորդիչների (չիպերի) մատակարարման դիմակայուն շղթաների ստեղծումը։

  • Մասնավոր հատվածի և վենչուրային կապիտալի ներգրավում. Տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, աջակցություն հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների (Data Centers) հիմնմանը, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիության ապահովմանը և վստահելի ԱԲ մոդելների զարգացմանը։

Այս համաձայնագիրը տեղավորվում է Վաշինգտոնի գլոբալ տեխնոլոգիական ռազմավարության մեջ, որն ուղղված է բարձր տեխնոլոգիական անվտանգային գոտիների և վստահելի գործընկերների ցանցի ընդլայնմանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը