ABNews

Բերք՝ առանց հասցեի. ինչպես հայկական տնտեսությունը մնաց ռուսական սահմանին

Լուրեր | 2026/06/26 13:53

Բերք՝ առանց հասցեի. ինչպես հայկական տնտեսությունը մնաց ռուսական սահմանին

Այս տարի ծիրանի բերքահավաքն ուշացավ, ինչը սկզբում կարծես թե դրական էր։ Սակայն հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնությունն արգելեց ծիրանի մուտքը՝ կեռասի, սալորի, դեղձի և խաղողի հետ միասին։ Այս ապրանքատեսակները ավելացվեցին մայիսի վերջից ընդլայնվող արգելքների ցանկին։ Նշված գյուղմթերքի համար Ռուսաստանը փաստացի միակ սպառման շուկան է, այլ ոչ թե այլընտրանքային։ Այսպես, հայկական ծիրանի, կեռասի, լոլիկի և կտրած ծաղիկների ավելի քան 90 տոկոսն արտահանվում է բացառապես այդ երկիր։ Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների հանգամանքը՝ դեպի հյուսիս ուղղվող ապրանքների համար այլընտրանքային ուղիներ ներկայումս առկա չեն։ Արագ փչացող ծիրանը չի կարող սպասել նոր գնորդներին։ Սպառման շուկայի կորուստն ուղղակիորեն հանգեցնում է ֆինանսական վնասների, ինչն էլ իր հերթին կարող է զրկել գյուղացիական տնտեսություններին հաջորդ տարի մշակությամբ զբաղվելու հնարավորությունից։

Սահմանափակումների համար պաշտոնական հիմնավորում է հանդիսանում բուսասանիտարական խնդիրները՝ պայմանավորված վնասատուների առկայությամբ և որակական ցուցանիշներով։ Tvyal.com-ը գրում է, որ այդուհանդերձ, ժամանակագրությունը վկայում է այլ շարժառիթների մասին։ Արգելքները հաջորդեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական հաղթանակին և ԵՄ ինտեգրման շուրջ պաշտոնական Երևանի ակտիվացող հայտարարություններին՝ կրելով ավելի շուտ տնտեսական ճնշման, քան վերահսկողական բնույթ: ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներով՝ արգելքի պահպանման դեպքում տնտեսական վնասը կարող է հասնել մինչև ՀՆԱ-ի 2%-ի: Այս ցուցանիշը իրատեսական է, որին ստորև կանդրադառնանք, սակայն այն արտացոլում է ռիսկերի միայն մի հատվածը, այլ ոչ ամբողջական շրջանակը։

Բերքահավաքին համապատասխանեցված արգելք

Սահմանափակումները կիրառվեցին փուլային տարբերակով։ Մայիսի 22-ին արգելվեց կտրած ծաղիկների արտահանումը։ Այնուհետև արգելանք դրվեց երեք կոնկրետ արտադրողների կոնյակի և գինու, «Ջերմուկ» հանքային ջրի, ապա՝ լոլիկի, վարունգի, պղպեղի և ելակի նկատմամբ։ Այնուհետև ցանկը համալրվեց ձկնամթերքով, խնձորով, սմբուկով և չրեղենով։ Հունիսի 11-ին հրապարակվեց համապարփակ որոշումը՝ արգելափակելով կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների մուտքը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ: Վեց շաբաթվա ընթացքում՝ ապրանքախմբերի հաջորդական թիրախավորմամբ, փաստացի արգելափակվեց հայկական թարմ գյուղմթերքի արտահանման ամբողջ զամբյուղը։

Արտահանման սեզոնայնության վերլուծությունից պարզ է դառնում, որ ծիրանը և կեռասը ամառային գյուղմթերք են։ 2026 թվականի առաջին չորս ամիսներին դրանց արտահանումը Ռուսաստան փաստացի զրոյական մակարդակի վրա էր՝ քանի որ սեզոնը դեռ չէր մեկնարկել։ Հունիսի 11-ի արգելքը համընկնում է սեզոնի մեկնարկի հետ, որը չեզոքացնում է կորիզավոր պտուղների վաճառքից այս տարվա ակնկալվող եկամուտները։ Ակնհայտ է, որ սահմանափակումների ժամանակացույցը կազմվել է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական փուլերը։ Ստեղծված իրավիճակը հնարավոր չէ ամբողջապես մեղմել պետական սուբսիդավորմամբ։ Լոլիկի կամ կտրած ծաղիկների պահպանման ժամկետը սահմանափակվում է մի քանի օրով, մինչդեռ եվրոպական շուկա հասնելու համար պահանջվում է շուրջ երկու շաբաթ, ինչպես նաև համապատասխան սերտիֆիկացման ապահովում։

Ռուսաստանը, որպես միակ և հիմնական սպառման շուկա

Երկար տարիներ տնտեսական քաղաքականության հիմքում դրվում էր «դիվերսիֆիկացիայի» գաղափարը՝ նպատակադրվելով նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և մուտք գործել եվրոպական, մերձավորարևելյան ու չինական շուկաներ։ Թեև ռազմավարական նպատակադրումը ճիշտ էր, սակայն 2018 թվականից ի վեր արձանագրվել է հակառակ միտումը։ Հայաստանի առևտրային կախվածությունը Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից ոչ թե նվազել, այլ ավելի է խորացել:

Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է ընդհանուր արտահանման ծավալի 39%-ը, իսկ Եվրամիությանը՝ 15%։ 2018 թվականի սկզբին պատկերը տրամագծորեն հակառակն էր։ Հիմնական շուկան ԵՄ-ն էր (30%), ապա՝ ԵԱՏՄ-ն (26%)։ Ներկայիս տնտեսական կոնյունկտուրան էականորեն ավելի խոցելի է, քանի որ ռուսական շուկայի հետ կապերն էլ ավելի են սերտացել։ Փաստացիորեն, դիվերսիֆիկացիայի և ռիսկերի նվազեցման փոխարեն դրանք ավելի են խորացել։

Արգելված ապրանքատեսակների կշռի վերլուծությունը ցույց է տալիս ռիսկերի իրական պատկերը։ Միայն կոնյակի արտահանումը Ռուսաստան կազմում է շուրջ 283 միլիոն ԱՄՆ դոլար, սա արգելված ապրանքների կշռի կեսն է։ Պայմանավորված այն հանգամանքով, որ կոնյակը և «Ջերմուկ» հանքային ջուրը շուտ փչացող ապրանքներ չեն՝ դրանց դեպքում կորուստները հնարավոր է մեղմել։ Սակայն գյուղմթերքի և ձկան դեպքում դժվար է նման ակնկալիք ունենալ։ Կոնյակին հաջորդում են ձկնամթերքը, կտրած ծաղիկները, պղպեղը և լոլիկը։ Վերջիններիս արտահանման ավելի քան 90%-ը (լոլիկի դեպքում՝ գրեթե ողջ բերքը) ուղղվում է ռուսական շուկա։ Այս ապրանքախմբերն այլընտրանքային սպառման ուղիներ չունեն, ինչը նշանակում է ընթացիկ տարվա բերքի իրացման խափանում։

Վերարտահանմամբ պայմանավորված տնտեսական աճ

Մակրոտնտեսական ցուցանիշների երկարաժամկետ վերլուծությամբ բացահայտվում են հստակ օրինաչափություններ։ Թեև ընդհանուր արտահանման ծավալները քառապատկվել են, սակայն անհրաժեշտ է դիտարկել աճի կառուցվածքային գործոնները։

Ներկայումս հայկական արտադրանքի խոշորագույն ներմուծողը Եվրասիական տնտեսական միությունն է (մուգ կապույտ գիծ)։ 2024 թվականին կտրուկ աճ գրանցած և նույնքան արագ անկում արձանագրած ուղղությունը «Մերձավոր Արևելքն» է (կարմիր գիծ), որի աճը հիմնականում պայմանավորված էր 2022 թվականից հետո ոսկու և թանկարժեք մետաղների վերարտահանմամբ։ Նույն միտումն արձանագրվել է նաև Չինաստանի պարագայում։ Թվացյալ արտահանման կտրուկ աճը փաստացիորեն տրանզիտային միջանցք էր, ինչն արդեն իսկ սպառում է իրեն։

Մեր կողմից նախկինում արված կանխատեսումներն իրականացել են, ինչի փաստն է վերևի գծապատկերը։ Դրա նախնական տարբերակը տեղադրվել էր 2024 թվականի սեպտեմբերին՝ ոսկու վերաարտահանման առավելագույն աճի փուլում, երբ պաշտոնական արտահանման ծավալները մոտեցել էին 14 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանագծին։ Դեռևս այն ժամանակ վերլուծությունը վկայում էր, որ այդ ցուցանիշները ժամանակավոր են և վերադառնալու են իրենց բնականոն մակարդակին։ Մեր կողմից անկումը կանխատեսվում էր դեռևս ոսկու ներհոսքի պայմաններում։ Մեր կանխատեսումը իրականություն դարձավ, 2024 թվականին կանխատեսված անկումն այժմ արդեն արձանագրված վիճակագրական փաստ է։

Վերարտահանման ազդեցության բացառման պարագայում իրական տնտեսական պատկերն էականորեն այլ է։ Մինչև 2026 թվականի ապրիլն ընկած մեկ տարվա ընթացքում գրանցված շուրջ 8.3 միլիարդ ԱՄՆ դոլար արտահանման ծավալի գրեթե մեկ երրորդը կազմել են թանկարժեք քարերն ու մետաղները՝ որպես վերարտահանման մնացորդ։ Հայաստանում արտադրվող իրական ապրանքատեսակները՝ կոնյակը, ձկնամթերքը, մրգերը և ծաղիկները, ընդհանուր կառուցվածքում զգալիորեն փոքր մասնաբաժին ունեն։ Սահմանափակումներն ուղղակիորեն հարվածում են հենց տեղական արտադրության այս խոցելի հատվածին։ Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը ընդհանուր ՀՆԱ-ի աճի պայմաններում անգամ անկում է արձանագրել, և ներկայումս հիմնական բացասական ազդեցությունը կրում է հենց այդ ճյուղը։

Դիվերսիֆիկացիայի և ռիսկերի նվազեցման փոխարեն՝ տնտեսական կախվածությունն ավելի խորացավ՝ հանգեցնելով ներկայիս համակարգային խնդիրներին։

Արգելքի մակրոտնտեսական հետևանքները

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին արգելված ապրանքատեսակների արտահանումը Ռուսաստան կազմել է մոտ 594 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է ՀՆԱ-ի շուրջ 2.4%-ին։ Այս հաշվարկը համապատասխանում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացրած հոռետեսական սցենարին՝ մոտ 2%: Այդուհանդերձ, հոռետեսական սցենարը ենթադրում է արտահանման ծավալների ամբողջական կորուստ առանց վերաուղղորդման հնարավորության, մինչդեռ գործնականում շուկան կարողանում է հարմարվել ցնցումներին։

Անհրաժեշտ է ուսումնասիրել նաև մեր հարևանների նմանատիպ փորձը։ Այսպես, Մոլդովայի պարագայում 2006 և 2013 թվականներին Ռուսաստանն արգելեց գինու ներմուծումը՝ վկայակոչելով «որակական խնդիրներ», երբ սպառման հիմնական շուկան հենց ՌԴ-ն էր։ Առաջին արգելքի արդյունքում արձանագրվեցին զգալի կորուստներ, սակայն երկրորդ դեպքում, ԵՄ կողմից անմաքս մուտքի ապահովման շնորհիվ, կորուստը կազմեց մոտ մեկ երրորդը, և Մոլդովան վերակողմնորոշվեց դեպի Եվրոպա, որտեղ ներկայումս Ռումինիան հիմնական գնորդն է: Վրաստանի օրինակը նույնպես կարևոր է։ 2006 թվականի գինու և հանքային ջրերի արգելքը տևեց մոտ յոթ տարի, իսկ արտահանման ծավալները կրճատվեցին մինչև մեկ երրորդը մինչև ռուսական շուկա հետ վերադառնալը: Շուկաների վերաուղղորդումը հնարավոր է, սակայն այն դանդաղ գործընթաց է, որը պահանջում է եվրոպական արագ արձագանք և աշխարհագրորեն մոտ այլընտրանքների առկայություն։

Հայաստանի Հանրապետությունը ներկայումս ստանում է նմանատիպ արձագանք առնվազն ծրագրային մակարդակում։ Նախատեսվում է պետական աջակցություն դեպի Եվրոպա, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների համար, ինչպես նաև ԵՄ կողմից ավելի քան 50 միլիոն եվրոյի հատկացում գյուղատնտեսության ոլորտին: Հաշվի առնելով նշված գործոնները և ակնկալվող աջակցությունը՝ տնտեսական կորստի բազային սցենարը գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 1%-ի շրջանակներում (մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում՝ 2026 թվականի համար ռեալ բացասական ազդեցությունը կարող է կազմել մոտ 0.5%։ Հիմնական ռիսկը պայմանավորված է կոնյակի արտահանման արգելքով։ Այն ներկայումս վերաբերում է միայն երեք արտադրողի և կազմում է ընդհանուր ռիսկի մոտ կեսը։ Սահմանափակումների՝ ամբողջ ոլորտի վրա տարածվելու դեպքում լրացուցիչ վնասը կկազմի շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար։

Մեկ տոկոս ցուցանիշի թերագնահատված ռիսկերը

ՀՆԱ-ի 1% կորուստը մեկուսացված դիտարկման պարագայում կառավարելի է թվում։ Սակայն այս ցուցանիշն արտացոլում է բացառապես արգելված ապրանքների ցանկը, մինչդեռ իրական մակրոտնտեսական ռիսկերը շատ ավելի ընդգրկուն են՝ պայմանավորված երեք հիմնական գործոնով։

Առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերջին շրջանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված էր ռուսական ազդակով։ 2022 թվականի 12.6% ՀՆԱ-ի ռեկորդային աճի կեսը պայմանավորված էր բանկային և տեխնոլոգիական ոլորտների աշխուժացմամբ՝ ՌԴ-ից կապիտալի ներհոսքի և ՏՏ մասնագետների ռելոկացիայի հաշվին։ Նույն տրամաբանությամբ էր պայմանավորված նաև 2025 թվականի աճը՝ իրանական կապիտալի հաշվին, որի ծավալներն այժմ կտրուկ նվազել են։ Առաջին եռամսյակում 2025թ․ ֆինանսական կամ բանկային ոլորտի 27% աճը փոխարինվել է 2026թ․ -13% անկմամբ, ինչը փաստում է համակարգային խնդիրների մասին: Արգելքները համընկնում են ֆինանսական ներհոսքի դադարման հետ, ինչի հետևանքով տնտեսությունը կորցնում է այս ցնցումները արդյունավետ մեղմելու անվտանգության բարձիկներից։

Երկրորդ՝ արագ փչացող գյուղմթերքը ներկայումս իրացման այլընտրանքային շուկաներ չունի։ Մոլդովական սցենարը կիրառելի է գինու պարագայում, սակայն արդյունավետ չէ ծիրանի կամ կտրած ծաղիկների դեպքում, որոնք պետք է սպառողին հասնեն հաշված օրերի ընթացքում և համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, ինչն առայժմ անհասանելի է տեղական արտադրողի համար։ Սուբսիդավորման թիրախները՝ մի քանի հազար տոննա գյուղմթերք և շուրջ տասը միլիոն հատ ծաղիկ, անհամաչափ փոքր են վտանգված ծավալների համեմատ։ Ամառային բերքահավաքին ունենք սպառման շուկայի փաստացի բացակայություն։

Երրորդ՝ տնտեսական վնասը դուրս է գալիս 2026 թվականի շրջանակներից։ Շուկայում դիրքերի և պայմանագրերի վերականգնումը չի կարող տեղի ունենալ արգելքի վերացմանը զուգընթաց։ Վրաստանի դեպքում դա պահանջեց տարիներ, իսկ Մոլդովան կարողացավ միայն մասնակիորեն վերականգնել կորուստները։ Սպառումից դուրս մնացած բերքի տնտեսական կորուստն անվերադարձ է, որի հետևանքով գյուղացիական տնտեսությունները պարզապես կորցնում են հաջորդ տարի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ֆինանսական ռեսուրսը և մոտիվացիան։

Հետևաբար՝ մեկ տոկոս ցուցանիշը պետք է դիտարկել զուտ որպես ապրանքային սահմանափակումների ազդեցության գնահատական, որն արդեն իսկ էական է։ Այն, սակայն, չի արտացոլում համակարգային վնասի իրական չափերը։ Իրական տնտեսական հարվածը սպառման ամենախոշոր շուկայի կորուստն է հավանական ճգնաժամային փուլում՝ պայմանավորված այլընտրանքային ուղիների բացակայությամբ և փակ սահմաններով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը