ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ջերմուկում հանդիպում է անցկացրել տեղի գործարար համայնքի հետ՝ կենտրոնանալով տնտեսության ակտիվացման, ներդրումային հնարավորությունների և զբոսաշրջության զարգացման ուղղություններով ձեռնարկվող քայլերի վրա։
Հանդիպման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է Ջերմուկի զբոսաշրջային կլաստերի զարգացման ընթացքը՝ ընդգծելով, որ ծրագրերն ուղղված են տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։
Նախատեսվում է շուրջ 6 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում, որը կուղղվի համայնքի զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավմանը։ Նպատակն է ստեղծել լիարժեք և մրցունակ զբոսաշրջային միջավայր՝ միևնույն ժամանակ ապահովելով կայուն զարգացում և եկամտի աղբյուրներ տեղական բիզնեսի համար։
Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է նաև ներդրողների ներգրավումը՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային, և հստակեցնում է, որ համագործակցային ձևաչափով հնարավոր է հասնել առավել արդյունավետ արդյունքների՝ համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հարցում։

