Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջին անգամ երկրի պատմության մեջ Ռուսաստանը միայնակ է հակադրվում Արևմուտքին՝ առանց դաշնակիցների։ Նա նշել է, որ թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Մոսկվան ունեցել է դաշնակիցներ, մինչդեռ այժմ մարտադաշտում միայնակ է։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանում է իր օրինական շահերը, այդ թվում՝ անվտանգության ապահովումը, ՆԱՏՕ-ի չընդլայնումը և Ուկրաինայի ռուսալեզու բնակչության իրավունքները։ Նա ընդգծել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» սկսվել է այդ նպատակներով և դրա այլընտրանքը չկար։
«Տարածքներն իրենք մեզ համար նպատակը չեն։ Մեզ համար ամենակարևորն է պաշտպանել այն մարդկանց, ովքեր պատմականորեն ապրել են այդ տարածքներում, կրում են ռուսական լեզուն ու մշակույթը և ցանկանում են իրենց երեխաներին դաստիարակել նույն արժեքներով», — ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ այս ամենը ամրագրված է Ռուսաստանի սահմանադրությամբ։
Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանը պետք է հույսը դնի միայն իր վրա և թույլ չտա թուլություն կամ անգործություն։

