ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 2-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային տնօրեն Չարլզ Կորմիերի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Քննարկման առանցքային թեմաներից մեկը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն է եղել և դրա տնտեսական ներուժը տարածաշրջանային համագործակցության համատեքստում։ Նախարար Պապոյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներգրավվածությունը՝ ենթակառուցվածքային և տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանող ծրագրերի իրականացման գործում։
Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին Համաշխարհային բանկի հնարավոր մասնակցությանը։ Նախարարը հրավիրել է Չարլզ Կորմիերին մասնակցելու գագաթնաժողովին և խնդրել հրավերը փոխանցել նաև Համաշխարհային բանկի նախագահին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում» (TRIP) ծրագիրը, որի նպատակն է խթանել տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը և ամրապնդել Հայաստանի դիրքերը որպես զբոսաշրջային ուղղություն։
Կողմերը կարևորել են համատեղ աշխատանքի շարունակականությունը և ձեռք են բերել փոխըմբռնում հետագա քայլերի շուրջ։

