Ռիցաուի հաղորդմամբ՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը երեքշաբթի օրը խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է կառավարության մտադրության մասին՝ արգելել «որոշակի սոցիալական ցանցեր» 15 տարեկանից փոքր երեխաների և դեռահասների համար։
Իր ելույթում Ֆրեդերիկսենը նշել է, որ Դանիայում սոցիալական ցանցերի սահմանափակումները պետք է լինեն մինչև 15 տարեկան, ընդ որում՝ ծնողները կարող են թույլ տալ իրենց երեխաներին օգտվել այդ ցանցերից 13 տարեկանից։
«Բջջային հեռախոսներն ու սոցիալական ցանցերը գողանում են մեր երեխաների մանկությունը», - ասել է Դանիայի վարչապետը։
Նա չի մանրամասնել, թե որ սոցիալական ցանցերի հարթակների մասին է խոսքը կամ ինչպես է արգելքը գործնականում գործելու։
Սոցիալական ցանցերի տարիքային սահմանափակումների վերաբերյալ համապատասխան օրինագիծը չի ներառվել Դանիայի կառավարության հաջորդ խորհրդարանական տարվա օրենսդրական ծրագրում։ Սա նվազեցնում է դրա ընդունման հավանականությունը մինչև հաջորդ ընտրությունները, որոնք նախատեսված են անցկացնել մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

