ABNews

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Գործընկերային նյութեր | 2026/10/14 19:01

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Սեպտեմբերին համաշխարհային պարտատոմսերի շուկաները ճնշման տակ էին՝ գնաճի շուրջ մտահոգությունների և կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացման ազդակների հետևանքով։ Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների շուկայում համաշխարհային պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը մոտեցել է 4%-ին՝ հասնելով 2007 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Կենտրոնական բանկերի քաղաքականության խստացումն ու նրանց հայտարարությունների կոշտ շեշտադրումներըվերահաստատում են տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումները։

Միաժամանակ, բաժնետոմսերի շուկաները պահպանեցին հարաբերական կայունությունը՝ տնտեսական ուժեղ ցուցանիշների, ընկերությունների շահույթի բարձր մակարդակի և արհեստական բանականության նկատմամբ լավատեսության նոր ալիքի շնորհիվ։

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետներն այս պայմաններում շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հետևյալ հիմնական ուղղությունները․

• Աշխարհաքաղաքական զարգացումները․Մերձավոր Արևելքում լարվածությունն ու ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում են ազդել էներգակիրների և պարենային ապրանքների շուկաների վրա՝ սահմանափակելով մատակարարման երթուղիները և մեծացնելով գների տատանումների ռիսկերը։

• Գնաճային սպասումները․էներգակիրների և պարենային ապրանքների գների նկատմամբ շարունակվող ճնշումները, ինչպես նաև կլիմայական հնարավոր անբարենպաստ պայմանները կարող են նպաստել գնաճի առավել տևական պահպանմանը։

• Կենտրոնական բանկերի արձագանքը․ուշադրության կենտրոնում են գնաճի տևականությունն ու դրա երկրորդային ազդեցությունները, տնտեսական աճի դիմակայունությունը, ինչպես նաև պահանջարկի թուլացման այն մակարդակը, որի դեպքում կենտրոնական բանկերը կարող են վերանայել իրենց դրամավարկային քաղաքականությունը։

• Ընկերությունների կապիտալ ծախսերը եկամտի վերածելու կարողությունը․ տոկոսադրույքների՝ երկար ժամանակ բարձր մակարդակում պահպանվելը և կապիտալի ներգրավման համար մրցակցությունը վճռորոշ են դարձնում ներդրումային կարգավորումը։ Բաժնետոմսերի առաջնային հրապարակման (IPO) նախապատրաստվող առաջարկները կարևոր փորձություն կլինեն։ Միաժամանակ, ԱՄՆ-ում զգալիորեն աճել են ներդրումային դասի պարտատոմսերի թողարկման ծավալները, և առաջիկայում բարձր ակտիվություն է ակնկալվում նաև Եվրոպայում։

«Գլոբալ ներդրումային հեռանկարներ․ հոկտեմբեր2026թ.» վերլուծության մեջ ներկայացվում են ակտիվների հիմնական դասերի հեռանկարները և կանխատեսումները։

Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ

ԱՄՆ պարտատոմսերի ժամկետայնության նկատմամբ պահպանվում է չեզոքին մոտ դիրքորոշում՝ նախապատվությունը տալով միջնաժամկետ պարտատոմսերին և զգուշավոր մոտեցում ցուցաբերելով ավելի երկարաժամկետ պարտատոմսերի նկատմամբ։ ԵՄ ժամկետայնության նկատմամբ դիրքորոշումը շարունակում է դրական մնալ։ Նախապատվությունը տրվում է ծայրամասային երկրների պարտատոմսերին՝ առանցքային երկրների պարտատոմսերի համեմատ։Միացյալ Թագավորությունում ժամկետայնության նկատմամբ պահպանվում է չափավոր դրական դիրքորոշում, իսկ Ճապոնիայում զգուշավոր դիրքորոշումը փոխվել է չեզոքի։ Կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ ընդհանուր դիրքորոշումը մնում է չափավոր դրական՝ նախապատվությունը տալով համաշխարհային ներդրումային դասի (Global IG) պարտատոմսերին։ Ոլորտային առումով նախապատվությունը տրվում է ֆինանսական հատվածին, իսկ ոչ ֆինանսական ոլորտներից՝ հեռահաղորդակցությանը, տեխնոլոգիաներին և դեղագործությանը։

Բաժնետոմսեր

Բաժնետոմսերի շուկայում ուշադրության կենտրոնում են ամուր հաշվեկշիռ ունեցող ընկերությունները, որոնց բիզնես մոդելները դիմակայուն են և զերծ հիմնարար խաթարումներից։

Տարածաշրջանային առումով գերադասելի են ԱՄՆ-ից դուրս գտնվող շուկաները, որտեղ կենտրոնացման և գնահատումների հետ կապված ռիսկերն ավելի ցածր են։ ԱՄՆ-ի համեմատ Եվրոպան գրավիչ է շահույթի աճի դինամիկայի, գնահատումների մակարդակների և դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Ճապոնիայի նկատմամբ պահպանվում է դրական դիրքորոշում՝ հաշվի առնելով շահույթի կայուն աճն ու ողջամիտ գնահատումները։ Զարգացող շուկաներըհնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել ներդրումները տարբեր թեմատիկ ուղղություններով՝ ներառյալ էներգետիկան, տեխնոլոգիաները և պահանջարկի աճը պայմանավորող կառուցվածքային գործոնները։

Բազմաակտիվներ (multi-asset) 

Ընդհանուր մակրոտնտեսական պատկերի պայմաններում չափավոր նախապատվություն է տրվումռիսկային ակտիվներին՝ կենտրոնանալով տարածաշրջանային դիվերսիֆիկացման, ընտրողական մոտեցման և ընթացիկ եկամուտ ապահովող գործիքների վրա։ Ամունդին որոշել է S&P 500 հավասարակշռված ինդեքսից անցնել S&P 500 ինդեքսին, քանի որ տեխնոլոգիական ոլորտի համար բարենպաստ պայմանները կարող են պահպանվել մինչև տարեվերջ։

Ավելի մանրամասն կանխատեսումներին ծանոթացեք ներդրումային հեռանկարների վերլուծության մեջ։

Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում եմ յուրաքանչյուր ամիս Հետազոտական կենտրոնի կայքում։

Ամունդի ներդրումային ինստիտուտ

Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․սեպտեմբերի30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 876.5 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․6 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը