Հայաստանի անշարժ գույքի շուկայում սեպտեմբերի տվյալները ցույց են տալիս, որ գները շարունակում են աճել, սակայն օգոստոսի համեմատ աճի տեմպերը նկատելիորեն դանդաղել են։
Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության հրապարակած «Մակրոտնտեսական զարգացումների ակնարկ. հոկտեմբեր 2024» հաշվետվությունը։
Երևանյան բազմաբնակարանների գները՝ ըստ վարչական շրջանների
Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների գների միջին աճը օգոստոսի համեմատ կազմել է 0,4%-ից մինչև 1,2%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 5,6%-ից մինչև 9,8%։- Ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում՝ 1 քմ-ի համար 908 100 դրամ: Սա օգոստոսի համեմատ աճել է 0,6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 5,6%-ով։
- Ամենացածր գները նկատվել են Նուբարաշեն վարչական շրջանում, որտեղ 1 քմ-ի արժեքը կազմել է 231 100 դրամ։ Այստեղ օգոստոսի համեմատ աճը կազմել է 0,4%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 6%։
Մարզերի շուկայի փոփոխությունները
Մարզերում միջին գների փոփոխությունը օգոստոսի համեմատ եղել է առավել անկայուն՝ տատանվելով մինուս 2,3%-ից մինչև 4,4%։ Իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ մինուս 1,1%-ից մինչև 20,7%։- Ամենաբարձր գները մարզերում գրանցվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, որտեղ 1 քմ-ի գինը կազմել է 453 000 դրամ։ Օգոստոսի համեմատ աճը կազմել է 1,1%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 7,9%։
- Ամենացածր գները արձանագրվել են Լոռու մարզի Թումանյան քաղաքում՝ 1 քմ-ի համար 27 100 դրամ։ Այստեղ օգոստոսի համեմատ աճը կազմել է 2,3%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 8,4%։

